Ավելի գեղեցիկ է նա, ում հավանում ես

Բերեցին փեսացուին հարսնացուի ծննդավայր։ Նա նվեր էր բերել խոյ և քաղցրավենիքներ։ Հարսնացուի եղբայրները հարցնում են փեսացուին․

— Ինչո՞ւ ես որպես հարսնացու ընտրել մեր քրոջը։

Եվ փեսացուն նրանց պատասխանում է հեքիաթ-առակով։

Ժամանակին սարսափելի, ահռելի աժդահա վիշապը գրավեց Ավարիայի միակ աղբյուրը։ Մարդիկ մնացին առանց ջրի։ Կանայք լացում էին, երեխաները ծարավից հառաչում էին։ ԱՄենահամարձակները հարձակվեցին հրեշի վրա, սակայն նա բոլորին հաղթեց իր պոչի հարվածներով։ Աժդահան աղբյուրի մոտ կառուցեց ահռելի, գեղեցիկ ամրոց։ Ամրոցի բակում տեղադրեց սպանվածների գլուխները։

Մարդիկ հուսահատության մեջ էին։ Ո՞վ է հաղթելու սարսափելի վիշապին։

Այդ ժամանակ խեղճ այրին տղա ունեցավ։ Նա գնում էր աղբյուրից ջուր խմելու գիշերները։ Եվ հավաքեց շատ ուժ և համարձակություն։ Տեսավ աժդահայի անօրեն արարքներն աղբյուրի մոտ, և ատելությամբ լցվեց նրա նկատմամբ։ Եվ երդվեց ողջ ժողովրդի առաջ ազատել երկիրը հրեշից։

Մայրը, հարզատները, հարևանները և ընկերները երկար ժամանակ փորձում էին հետ պահել նրան։

— Դու դեռ երիտասարդ ես։ Կմահանաս ծաղիկ հասակում։ Խղճա՛ քեզ։

Բայց նա նստեց ձիու վրա և ուղևորվեց հրեշի հետ կռվելու։

Աժդահան հեռվից զգաց նրա ուժը և սարսափազդու ձայնով ասաց․

— Այդ ո՞վ է համարձակվել մոտենալ աղբյուրին։

— Ես ուզում եմ մարտնչել քեզ հետ, — հպարտորեն ասաց պատանին։

Աժդահան քրքնջաց․

— Խելագա՛ր, միթե՞ քեզ հայտնի չէ, որ ես չեմ կռվում զենքով։ Դու պետք է իմանաս, որ աշխարհում չկա ինձ հավասար ուժեղ մեկը։ Իմ բոլոր հակառակորդներին ես մի հարց եմ տալիս, և եթե նա չի կարողանում պատասխանել, ես սպանում եմ նրան իմ պոչի մի հարվածով։ Իսկ եթե դու ճիշտ պատասխանես, ես տեղում կմահանամ։

— Շատ լավ, ես համաձայն եմ, — պատասխանեց պատանին, — տուր հարցդ։

Աժդահան բարձր գոռաց, և նրա ամրոցի պատուհանին երևացին երկու կին։ Մեկը՝ աննկարագրելի գեղեցիկ, մյուսը՝ հասարակ։

— Նրանցից ո՞րն է ավելի գեղեցիկ, — հարցրեց աժդահան։

Պատանին նայեց կանանց և պատասխանեց։

— Ավելի գեղեցիկ է նա, ով քեզ ավելի է դուր գալիս։

— Դու ճիշտ ես, ասաց աժդահան և մահացավ։

Այդպես Ավարիան ազատվեց հրեշից։

Փեսացուն ավարտեց պատմությունը և ասաց․ «Ինձ ձեր քույրը դուր է գալի՛ս»

— Դու ճիշտ ես, — ասացին հարսնացուի եղբայրները։

Եվ արտասանեցին նրանք աղոթքներ պատանու համար․

— Թող օրհնի ձեզ Աստված, թող ուղարկի իր օրհնանքները և թող միավորի ձեզ բարությամբ։

Ռուսերեն տարբերակը

Оставить комментарий