Այց Հայաստանի պատմության թանգարան

Դեկտեմբերի 7-ին խորացված պատմության խմբով այցելեցինք պատմության թանգարան, որտեղ հնարավորություն ունեցանք տեսնելու մարդկության պատմության Քարի դարից մինչև նոր և նորագույն շրջանի բազմաթիվ և բազմատեսակ գտածոներ, որոնք պեղվել և հայտնաբերվել են Հին Արտաշատի, Դվինի, Մեծամորի, Շենգավիթի և այլ հնավայրերից։ Շատ հետաքրքիր էր, հատկապես հավանեցի գորգերը, որոնցից յուրաքանչյուրը մեծ աշխատանք է պահանջել և շատ ուրախ էի, որ տեսա այդ գեղեցիկ գործերը:

Նաև շատ հավանեցի «Հին Մեծամոր»․հայ-լեհական բացահայտումների ժամանակավոր ցուցադրությունները: Սրահում տարբեր նկարներ էին ցուցադրված, որոնց նայելիս արդեն իսկ մեծ պատկերացում ունեցանք դեպքերի մասին: Եվ, առհասարակ, բոլոր սրահներում էլ այնպես էր ամեն բան ցուցադրված, որ կարելի է ամբողջովին պատկերացնել պատմությունը, ինչը շատ կարևոր է:

Վանո Սիրադեղյան․ Չհիշվող պատերազմ

Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: Եթե պատերազմից ձեռուոտը տեղը վերադարձածին չեն աքսորում Սիբիր … Իսկապես, ի՞նչ պատերազմ, եթե տունդ հրի չեն մատնել, կանանց բռնաբարել եւ երեխաներիդ սրի չեն քաշել: Տիգրան Մեծից դեսը հայությունը միայն այսպիսի պատերազմ գիտի: Բայց չէ՞ որ պատերազմը հազարավոր զոհերով տասնյակ հազար ընտանիք մտավ: Եւ Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի: Ընդ որում, դա ժողովուրդների վարած պատերազմների պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ երկրից դուրս հազարներով զոհվել, բայց թաղվել են հայրենի հողում: Այդ պատերազմը մերժեց ոչ միայն Հայաստանի հասարակական գիտակցությունը, այլեւ Սփյուռքը, չնայած պատճառ չուներ հայրենասիրության բացակայությունը բացատրելու ցրտով ու խավարով: Հետեւաբար, անցած պատերազմի եւ առհասարակ «Մեկ ազգ — մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում: Այդ 5000-ից մեկն էլ իմ ընկերն էր՝ մոր կողմից սերբ երեւանցի, 30-նն անց, գեղեցիկ կնոջ ամուսին ու խելացի երեխաների հայր, սուպերմենի տեսքով ինժեներ տղամարդ, ով պատերազմով ինքնահաստատվելու ոչ մի անհրաժեշտություն չուներ: Բայց Հայաստանից հասավ իր մոր հայրենիքը: Մինչդեռ հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին Հայաստանում եւ գործկոմների նախագահների հետ «ազգային համաձայնության» եկած՝ դասալիքներից սկաուտական ճամբարներ էր դնում Հայաստանի սարերում, սովորեցնելով հայրենասիրական երգեր, ուտեցնելով հումանիտար օգնության վաֆլի, սերմանելով ատելություն կանոնավոր բանակի դեմ եւ հրաձգության վարժանքներ անցկացնելով: Թե պետության եւ պետական զինական կառույցների առկայությամբ ինչո՞ւ է կուսակցությունը կրակելու վարժեցնում պատանիներին, ոչ մեկի տանձին չէր այն ժամանակ, որովհետեւ չէ՞ որ «սաղս էլ հայ ենք»: Այդ հետո պարզվեց՝ ինչու, երբ այդ ճամբարներից դուրս եկածները հոկտեմբերի 27-ին խուժեցին Ազգային ժողով: Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում: Եւ Հայաստանը ընտրությունների գնաց առանց իր լավագույն զավակների: Ինձ ու ձեզ հետ միասին, իմիջիայլոց: Ընտրությունների չարաբաստիկությունը այն էր, որ զուգահեռ պիտի ընդունվեր Սահմանադրությունը: Բայց կուսակցությունները Սահմանադրություն չէին ուզում («այդպիսի Սահմանադրություն»-այդպես է ընդունված ասել՝ նման դեպքերում): Բայց սա դեռ պրոբլեմի մասն էր: Սահմանադրություն չէր ուզում նաեւ Հայկական բանակը, որովհետեւ հայկական կամ մոլդովական, նման կարգի որեւէ Սահմանադրություն չէր ուզում գենշտաբը: Հայաստանի Սահմանադրությունը ընդունված չէր ուզում տեսնել նաեւ Ղարաբաղի բանակն ու իշխանությունը: Սահմանադրությունը չէին ուզում նաեւ կես հարյուր շրջանների ղեկավարներ — կրճատվում էին պաշտոնները՝ շրջանային մակարդակի ղեկավար ձրիակերների իրենց թիմերով: Իսկ ժողովուրդը գիտենք ինչ էր ուզում — մի քիչ ընտրակաշառք եւ մեծ Սովետական Միություն, մի բան, որ կախված չէր ոչ իրենից, ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ էլ անգամ Ռուսաստանից: Հրաշք էր պատահելու, որ այդ ընտրությունը համարվեր օրինակելի: Եւ հիմա, յոթ տարիներ հետո, այսօ՜ րվա այլանդակությանը ի տես, դառնալ երեսով տալու համար 95 թիվը ի՜ նչ նյարդեր է պետք ունենալ, չէ՞: Կամ՝ անդարդության ի՜ նչ ամեհի պաշար: Կամ՝ անձնապաստանության ի՜ նչ հաստության կաշի… «Բա որ դու էլ երեկ ինձ հեծանիվդ չտվիր քշե՜ մ…»: Պետք չէ թաքնվել մանկամտության թիկունքում, զառամախտը շուտով օգնության կգա: Հետո, մանկան հիշաչարությունը չի անցնում երեկվա օրից այն կողմ: Ուրիշ է հայ գրագետի հիշողությունը: Իր նույնիսկ ամենաանհիշաչար տեսակով հանդերձ: Առանձնահատուկ է: Վասակ Դարբինյանը, օրինակ, հիշում է, որ Վանո Սիրադեղյանը առաջարկում էր օրենքով ներում շնորհել գաղտնի ծառայությունների գործակալներին, որպեսզի ազատ զգան այլ երկրների հանդեպ իրենց պարտավորություններից, բայց չի հիշում, որ առաջարկում էր այդ բանը անել՝ անել առանց անունները հրապարակելու: Սա ոչ թե դետալ է կամ հավելյալ միտք: Տրամագծորեն հակոտնյա բաներ են: Առաջինի դեպքում ժողովրդին բաժանում ես երկու մասի՝ մատնիչների եւ նրանց զոհերի, երկրորդ դեպքում՝ մատնիչներին շանս ես տալիս չշարունակել օտար հետախուզություններին ծառայել, շանս ես տալիս չենթարկվել նախկին տերերի շանտաժին՝ իրենց անցյալ զբաղմունքի համար: Առարկայացնենք. մի դեպքում պառակտում ես ազգը, մյուս դեպքում չես պառակտում ազգը: Իսկ ոչինչ չանելու արդյունքը այսօրն է, երբ բոլորը ծախում են բոլորին: Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը (ըստ Ջոն Կիրակոսյանի): Եւ չի հիշում 41-45-ի պատերազմի տեւողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ… Ունիկալ հիշողության տեր այս ժողովրդի հարազատ զավակ հայ գրագետը, ահա, տասը տարվա աշխարհացունց իրադարձությունները մի գիշերվա երազի նման (վատ երազի) թոթափած՝ իրեն գտավ հրապարակային մահապատժի վայրում, Առագաստի կառափնարանի շուրջ բոլորեքյան նստած՝ գարեջրի գավաթը ձեռքին ֆեստիվալ վայելելիս… Համազգային նման բարոյալքումը, այսպիսի համապարփակ մթագնումը նախորդում է մեծ աղետներին: Եւ ոչ մի միստիկա չկա այստեղ: Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում եւ ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում եւ ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,-գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները:

Արտագնա պարապմունք «Կարմիր Բլուր» Թեյշեբաինի հնավայրում

Պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակներում շարունակում ենք իրականացնել արտագնա պարապմունքներ: Այս անգամ, մեր հաջորդ պարապմունքը ոգևորիչ նորություն է լինելու մեզ համար: Էրեբունի թանգարանում մի քանի դասընթաց անցկացնելուց հետո տնօրենի հետ արդեն պայմանավորվել էինք պեղումների ժամանակահատվածում հնարավորության դեպքում ներկա գտնվել և հիմա դա կիրականացվի: 

Այցելելու ենք <<Կարմիր Բլուր>>, Թեյշեբաինի հնավայր, որտեղ այս պահի դրությամբ իրականացվում են հնագիտական պեղումներ: Ինչպես շատերը գիտեն Կարմիր բլուրը գտնվում է Երևանում, և այնտեղ գտնվել է Ուրարտական Թեյշեբաինի քաղաքը: 

Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվել են 1939 թվականին: Մի պահ պեղումնրեը դադարեցվեցին և վերսկսվեցին 1945 թվականին, իսկ ավարտվեցին 1971 թվականին: Երկարամյա պեղումների արդյունքում պարզվեց, որ Կարմիր բլուրն ուրարտական ուշ ժամանակաշրջանին պատկանող՝ մ․թ․ա․ VII֊VI դդ․ հուշարձան է, որն իրենից ներկայացնում է հզոր ուրարտական ամրոցի և քաղաքի միացյալ համալիր և զբաղեցնում է մոտ 100 հա տարածություն։ Իհարկե տարածքում դեռ ամեն ինչ չի բացահայտվել և դեռ շատ հետաքրքրություններ կան հետևաբար պեղումները հիմա ևս իրականացվում են և ունեն շարունակական բնույթ:

ՀՀ անկախացում

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ Այն Հայաստանի պետական և ազգային տոներից մեկն է:
1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

Մենք արդեն ստեղծել ենք անկախ Հայաստան, եկեք ստեղծենք ամուր պետություն՝ զարգացող տնտեսությամբ, գիտակից քաղաքացիական հասարակությամբ, ժողովրդական կամքով, ճկուն կառավարման ինստիտուտներով և արդարադատության համակարգով: Մենք մենք արդեն կառուցել ենք մեր երկիրը, եկենք կերտնեք նրա տեսլականը՝ ժողովրդավարական հիմքով, զարգացման ուղիներով, բարեկեցիկ ապագայով: Խորհրդային իրկանաությունը կուլ էր տվել մեր ազգային գաղափարը, ազգային ոգու զինանոցը, սակայն անկախության ուղին վերստին արժևորեց մեր պատմական գոյության իմաստը, անկախության ճշմարիտ ընթացքը, ամրապնդեց մեր հավատն ու կամքը՝ կերտելու կենսունակ երկիր, որը կարողացավ և կարողանում է ամենօրյա պատերազմի վտանգի պայմաններում քայլել համամարդկային արժեքների պահպանման, ժողովրդավարական համակարգի կերտման և հակառակորդներին իր մարտունակ բանակով զսպելու ճանապարհով: Անկախության հանրաքվեն ու Արցախյան գոյամարտը ցույց տվեցին, որ Հայ ժողովուրդը չի կորցրել ազատ ապրելու տենչը, իսկ դրանց արդար ավարտն ապացուցեց, որ այդ ազատությունը նստած է մեր գեներում ու բաբախում է մեր սրտերում: Անհնար է վախեցնել, վհատեցնել մի ժողովրդի, որն իր պատմության էջերը բազմիցս խմբագրել է սեփական զավակների արյամբ, օծել նրանց արդար քրտինքով, այդպիսի ժողովուրդը միշտ էլ նվաճում է իրենից խլված ազատությունը և պատժում այն նորից խլել ցանկացողներին: Հայ ժողովուրդը սրբագրեց իր պատմության մեջ սպրդած անարդարության վերջին էջը, և հիմա այն մտքով ծաղկեցնելու և հավատով շարունակելու ժամանակն է:

Արատտա

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Մ.թ.ա. III-II հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։

Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին։ Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճի հարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։ Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք՝«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում՝ ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։ Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով՝ չի կարողանում գրավել. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները` երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան» …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Մ.թ.ա. III-II . III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն։ Մ.թ.ա. III-II XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով։ Մ.թ.ա. III-II XXVI-XXVդարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ։

Արատտայի մասին տվյալները մեզ հասել են Էնմերքար ու Լուգալբանդա իշխանների մասին վիպերգերից ինչպես նաև Գիլգամեշին նվիրված դյուցազնավեպից։ Սեպագիր բնագրերը թվագրվում են 20-18 դարեր մ․թ․ա․։ Հավանաբար Արատտա երկիրը գոյություն է ունեցել ամենավաղը 27-րդ դարում մ․թ․ա․։ Իսկ նրա տեղի հարցում պատմաբանները մինչ օրս չունեն միասնական կարծիք։

Արարատյան թագավորություն

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում,  մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է  «Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում`  «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»: 

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։

Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:

Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:

Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: 

Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:

Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: 

Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:

Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:

Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:

Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  

Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: 

Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):

Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:

Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:

Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ 

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:

Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է  պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:  

Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: 

Վանի թագավորության մշակույթը

Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: 

Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:

Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:

Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:

Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:

Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:

Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր:

Սպասված այց դեպի Ջանֆիդա

Ինձ համար մի նոր և հաճելի բացահայտում․․․ Ջանֆիդա գյուղը․․․բոլորովին այլ աշխարհ, որտեղ և՛ մարդիկ են այլ, և՛ բնությունը, և՛, առհասարակ, ամեն ինչը։ Շփումը մարդկանց հետ, ովքեր ապրում են շատ ուրիշ միջավայրում, ունեն ուրիշ մտածելակերպ, այլ հայացք շատ կարևոր եմ համարում ինձ համար։ Եվ այս այցը դեպի Ջանֆիդա գյուղ մեծ հնարավորություն էր այսպիսի բացահայտումների համար։

Ճանապարհը երկար չէր, քանի որ գյուղը գտնվում է Արմավիրի մարզում։ Մեր առաջին կանգառը ունեցանք գյուղի դպրոցում։ Տեսքից սովորական դպրոց էր, ոչ այդքան լավ պայմաններով, սակայն, ինչպես նշեցին ուսուցիչները, դա չէր խանգարում աշակերտներին լավ կրթություն ստանալու։ Մենք սկզբից ներկայացրեցինք մեզ, մեր կրթահամալիրը, Ավագ դպրոցը, կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը։ Անեղծ ասած, շատ եմ սիրում խոսել մեր կրթահամալիրի մասին և այնքա՜ն բան կա պատմելու․․․
Հետո մեզ միացավ դպրոցի տնօրենը, ով սկսեց ներկայացնել իրենց դպրոցը, նաև գյուղը։ Խոսեցինք, լսեինք հետաքրքիր պատմություններ գյուղի, գյուղի անվան ծագումնաբանության, բնակիչների պատմական արմատների մասին, այնուհետև իջանք դպրոցի բակ, երգեցինք, պարեցինք, հաճելիորեն զրուցեցինք-շփվեցինք միմյանց հետ դպրոցի գեղեցիկ, բերքառատ ծիրանենիների տակ, փարթամ կանաչների մեջ։ Այստեղ մենք կարողացանք սովորողների հետ ավելի անմիջական շփվել։ Նրանք շատ տարբեր էին, 12-րդ դասարանի սովորողներից  ոմանք պլանավորում էին գալ Երևան՝ սովորելու բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Տղաները ֆուտբոլ խաղացին, իսկ մենք այդ ընթացքում էլ ավելի մտերմացանք աղջիկների հետ։

Հաճելի օրվա ավարտին դպրոցում կազմակերպել էին հյուրասիրություն, կարճ ասած՝ մեզ ընդունեցին իսկական հայի պես։ Իսկ մենք էլ նրանց անհամբեր սպասում ենք դիմավորելու մեր կրթահալիրում․․․

Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա. Նախապատրաստական աշխատանք

Ջանֆիդան գյուղ է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 865 մ բարձրության վրա, մարզկենտրոն Արմավիրից մոտ 10 կմ հարավ։ Մինչև 1918-1920 թթ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ` հիմնականում հայաբնակ։ Գյուղի բնակիչների նախնիների մի մասն այստեղ է գաղթել Արևմտյան Հայաստանի Մուշի, Մանազկերտի, Սասունի, Ալաշկերտի և այլ գավառներից։ Գյուղի անվանումն առաջացել է, երբ տեղացի ֆիդայիները մենամարտել են թուրքերի հետ, և, երբ հաղթել են, գյուղացիները գոռացել են․ «Ջան, ֆիդայիներե»: Եվ գյուղը հետագայում անվանափոխվել է Ջանֆիդա: Գյուղը սահմանամերձ է, և գյուղից դեպի Արաքս գետը երկու քայլ է:

Ճամփորդության մանրամասները՝ այստեղ