Հունիսյան ճամբար․3-րդ օր

Այսօր հունիսի մեկն է․ օր, որը միշտ ամենայուրահատուկն է եղել, սակայն ժամանակի ընթացքում դարձավ սովորական։ Օրը սկսեցինք խաղից, որը կեչվում էր «Մագելան»։ Մենք բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք ցույց տալ հակառակորդին քարտը, որի վրա որևէ տեսարժան վայր է պատկերված, և նրանք պետք է գուշակեին, թե որ տեսարժան վայրն է և որտեղ է գտնվում։ Արդեն կարելի է հասկանալ, թե որքան ուսուցանող և ճանաչողական խաղ էր․․․

Մի փոքր անցավ և իմացանք, որ փեքրիկները մեզ են սպասում մարմարյա սրահում։ Միանգամից գնացինք և, բնականաբար, նրանք կրկին մեզ զարմացրեցին իրենց միասնակությամբ և տաղանդով, չնայած այդ փոքր հասակին։ Ձայնակցեցինք, լսեցինք իրենց և պարզապես հիացանք։ Իսկ հետո ամենասպասվածը, որը դարձել է մեր դպրոցի ավանդույթներից․ մեզ բերեցին պաղպաղակներ։

Մի փոքր ընդմիջումից հետո հանդիպում ունեցանք Տիկին Սոֆիայի հետ, ով մեզ ներկայացրեց իրենց նախագիծը։ Նախագիծը շատ ողջունելի է, քանի որ հնարավորություն է տալիս պատանի ստեղծագործողներին տարածել իրենց միտքը, ստեղծագործությունը և տպագրվել անգամ գրքի մեջ։

Օրը ավարտվեց Ընկեր Հասմիկի հետ հետաքրքրաշարջ խաղով։ Մենք գրեցինք թղթերի վրա հասկացություններ և գցեցինք գլխարկի մեջ։ Ես վերցրեցի թերթիկներից մեկը և ամեն թիմը սկսեց ուսումնասրել վրայի գրված թեման, որը հավասարակշռությունն էր։ Ի վերջո ներկայացրեցինք և հասկացանք, թե այս կարճ ու պարզ թվացող խաղը որքան գիտելիք և ներկայանալու ունակություն է կարողանում տալ։ հուսով եմ, որ մեր ճամբարի ընթացքում ավելի շատ կլինեն նմանատիպ խաղերը։

Հունիսյան ճամբար․2-րդ օր

Իմ առաջին ճամբարային օրը սկսվեց կապույտ մզկիթում։ Այցելեցինք, լսեցինք մզկիթի մասին, մի քանիսը ներս մտան։ Կապույտ մզկիթը միշտ էլ հիացրել է իր գեղեցկությամբ և յուրահատկությամբ, ըստ իս, քաղաքի զարդերից մեկն է։ Ի վերջո, եկավ սպասված պահը, երբ սկսեցինք քայլել դեպի կոնդ։ Կոնդում եղել էի մեկ անգամ, սակայն կարծես առաջին անգամ գնայի։ Մի փոքր խոսեմ Կոնդի մասին։ Այն Երևանի ամենահին թաղամասերից է և անունն էլ ծագել է երկարաձիգ կամ բոլորակ բլուր բառերից, քանի որ գտնվում է Երևանի արևելյան բարձրադիր մասին։ Շատերին, ինչպես նաև ինձ, Կոնդը գրավում է իր բազմատեսակ գրաֆիտիներով։ Այսպես զբոսնեցինք, հաճելի զրուցեցինք և այսպիսով վերջացավ մեր կարճ, բայց բազմաբովանդակ ճամբարային օրը։